Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Քչանում են, բայց բյուրեղանում

Քչանում են, բայց բյուրեղանում
20.03.2015 | 00:37

«Մոնակո»-«Արսենալ» դիմակայությունում վճռորոշ եղավ մրցակցի հարկի տակ մոնեգասկների խփած մեկ ավելի գնդակը, Սիմեոնեն ապացուցեց, որ հայելայինն էլ պակաս հաղթական ցուցանիշ չի կարող չլինել, հատկապես երբ դիմացինդ նոր-նոր է յուրացնում մեծ ճանապարհի քաղցրություն ասվածը։ «Բարսելոնն» արեց այն, ինչ պիտի աներ, ու ինչին պարտադրում էր նրա գրանդային կարգավիճակը, իսկ «Յուվենտուսն» ապացուցեց, որ ներքին առաջնությունում կայուն մրցելույթների շարքը կարող է հաղթաթուղթ դառնալ նաև շատ ավելի ընդհանրականացված խաղարկությունում, հատկապես, երբ չես զլանում անցյալի դառը դասերից օգուտ քաղելու կարևորագույն խնդրում: Այսպիսով, նրանք եկան միանալու Մադրիդի «Ռեալին», Պորտուի «Պորտուին», Մյունխենի «Բավարիային», Փարիզի ՊՍԺ-ին, կազմելով այն հրաշալի ութնյակը, որը կմրցի մեկ քառորդում: Եթե ուշադրություն դարձրիք, ութնյակում չկա և ոչ մի անգլիական թիմ, ինչը Չեմպիոնների լիգայի այս խաղարկության ամենամեծ անակնկալն է:

ՄԵՆԱԿ ԵԿԵՂԵՑԻ ԳՆԱԼԸ ՔԻՉ Է
Մեկ ութերորդի վերջին քառյակի պատասխան հանդիպումներից թերևս ամենաամենան «Մոնակո»-«Արսենալ» դիմակայությունն էր: Առաջին խաղում «Մոնակոն» Լոնդոնում սրբեց-տարավ «Արսենալին»` մեծամիտ պահվածքի համար վերջինիս ձաղկելով 3:1 հաշվով: Պատասխանում խնդիրն ավելի քան հստակ էր` եթե մրցակիցը դարպասը կողպած է պահում, լավագույն դեպքում նրան պիտի պարտադրել բավարարվել երկու գոլով, ինչն էլ վերջնահաշվում այդպես եղավ: Փաստորեն երրորդ տարին անընդմեջ «Արսենալը» դուրս է մնում Չեմպիոնների լիգայի խաղարկության այս փուլից ու եթե առաջին երկուսում արդարանալու քիչ թե շատ հիմքեր կային, այս անգամ դա էլ չկա, ու զուր էր մեկ ութերորդի վիճակահանությունից առաջ Արսեն Վենգերի եկեղեցի գնալը` ինչ է թե նորից սև կատվի պես ճանապարհին «Բարսելոնը» չհանդիպի:
Այստեղ միջանկյալ խոսքի իրավունքով թույլ տվեք նկատել, որ Արսեն Վենգերը կոպտագույն սխալ է թույլ տվել՝ Աստծո տուն մենակ գնալով ու թիմը հետը չտանելով: Ի վերջո, որքան էլ Բարձրյալի հետ զրույցը հույժ գաղտնի լիներ, այն հո միայն անգլիական թիմի ֆրանսիացի մարզչի՞ն չի վերաբերել կամ միայն նրա շահերի՞ն չի առնչվել: Ի՞նչ է, տղաները պակա՞ս շահագրգիռ են եղել մեկ ութերորդն անցնելու հարցում, թե՞ Վենգերը կարծել է՝ մենակ կարող է հարց լուծել: Մի բան էլ. ես ընթացքում բավականին ուշադիր հետևել եմ լրատվությանը, ու ոչ մի տեղ աչքովս չի ընկել, որ մարզչի խնդրանքն ուղեկցվել է… մոմավառությամբ, թեպետ այստեղ, խոսքը մեր մեջ, գոնե մի թեթև աքլոր մատաղ անելն էլ չէր խանգարի, որքան էլ ֆրանսիացիները կարմրակատարների հետ «դոստ» են: Այնպես որ, պատիժն առանց մեղքի չի լինում, ու «Արսենալը» միանգամայն արդարացիորեն է դուրս մնացել հետագա պայքարից:
Ինչ վերաբերում է «Մոնակոյին», թիմն առարկայնորեն ցույց տվեց, որ «Բարսելոն» չեղած տեղը ինքն էլ է «Բարսելոն»: Ճիշտ է, սա մի քիչ նման է ինքդ քեզ կինոյի տղայի տեղը դնելուն, բայց փաստ է, որ «Մոնակոն», ու ոչ թե «Արսենալն» է մեկ քառորդում: Սրանով, իհարկե, բավական թեթևացավ նրա գործը, ով մեկ քառորդում մոնեգասկների մրցակիցը կլինի, բայց այդ մեկը, համոզված եմ, չի ունենա կանոնիերների թեթևամտությունը, ինչը նշանակում է, որ «Մոնակոն» Չեմպիոնների լիգայի այս խաղարկությունում արել է իր առավելագույնը:

ՀԱՅԵԼԱՅԻՆԸ ԿԱՐՈՂ Է ԵՎ ՀԱՂԹԱՆԱԿ ԲԵՐԵԼ
Թերևս «Բայերը» դարձավ իր ընտրած տակտիկայի զոհը` ապավինելով հետխաղյա տասնմեկմետրանոցների մեջ բախտ փնտրելուն: ՈՒ թեև այդ տասնմեկմետրանոցներն ավելի շատ հիշեցնում են «русская рулетка», ավելի հաջողակ եղան մադրիդցիները, ում օգտին էին և՛ փորձը, և՛ ավելի մեծ վարպետությունը, և՛ բախտը: Լևերկուզենյան հանդիպման 0:1-ին պատասխանելով մադրիդյան 1:0 հաշվով` «Աթլետիկոն» դժվար ուղի հարթեց մեկ քառորդ, որտեղ արդեն անհամեմատ բարդ է լինելու: Այո, անհամեմատ բարդ է լինելու, սակայն Դիեգո Սիմեոնեի սաներն իրենց գավաթային թիմ բնութագրականով ունեն հզոր առաջմղիչ` ներքին առաջնությունում դժվար թե կարողանան վեր նայել երրորդ տեղից (եթե այդ երրորդն էլ կարողանան պահել, պիտի որ պակաս բախտավոր չզգան), իսկ ինչո՞վ Չեմպիոնների լիգայում հաղթելը մարզասերի առաջ պարզերես լինել չի նշանակի:

ՄԱՐԴԸ ԶԳՈՒՇԱՑՐԵԼ ԷՐ՝ 0:0 ՀԱՇԻՎ ՉԻ ԼԻՆԻ
Մրցակցից կրած 1։2 հաշվով պարտությունը, հյուրընկալվելիս խփած գնդակով հանդերձ, Կլոպի սաների համար պատասխան խաղում հաջորդ փուլ դուրս գալու հրաշալի հնարավորություն էր` պայմանով, որ, որպես նվազագույն, մի գնդակ խփում են ու հաշիվը պահում: Սկզբունքորեն սա լուծելիք խնդիր էր, սակայն տագնապեցնողն այն էր, որ նախկինում Դորտմունդում խաղացած բոլոր երեք եվրագավաթային խաղերում «Յուվենտուսը» հաղթել էր «Բորուսիային»` երկուսում 3:1, մեկում` 2:1 հաշվով: Ճիշտ է, դրանցից անցել է բավական երկար ժամանակ, սակայն վիճակագրությունը, վերջին հաշվով, քննության չենթարկվող հաշվապահություն է՝ հնարավոր հոգեբանական անդրադարձներով: «Բորուսիան» պարտվեց 0։3 հաշվով, ու սա այն դեպքն է, երբ բառերը դառնում են ավելորդ, որովհետև թվերն ավելի խոսուն են: Ի դեպ, զուտ բացառության կարգով, բայց և առանց մեկնաբանությունների, միայն այս թիմերի գլխավորների նախախաղային ասուլիսից անենք մեջբերումներ, որոնք ավելի քան հստակ վկայում են, թե ով ինչպես, ինչ տրամադրվածությամբ էր պատրաստվում դուրս գալու խաղադաշտ, ով ինչի վրա էր խաղադրույք կատարել, ու, վերջապես, ում ճիշտը հաղթեց:
ՅՈՒՐԳԵՆ ԿԼՈՊ («Բորուսիայի» գլխավոր մարզիչ). «Մեր առջև ծառացած է ֆուտբոլի ամենադժվար խնդիրներից մեկը` հաղթել իտալացիներին, ում բավարարում է ոչ-ոքին: «Յուվենտուսի» խաղացողները փորձառու են ու գիտակ, սակայն նրանք անհաղթելի չեն: Մենք պիտի հանգստություն պահպանենք: Վերջապես մեզ բավարարում է և նվազագույն հաշվով հաղթանակը»:
ՄԱՍԻՄԻԼԻԱՆՈ ԱԼԵԳՐԻ («Յուվենտուսի» գլխավոր մարզիչ). «Առաջին խաղից հետո մենք ունենք առավելություն, սակայն հասկանում ենք, թե ինչ բարդ խնդիր է մեր առջև ծառացած: Մրցամարտը խոստանում է լինել շունչ կտրող: Մենք պետք է բարձր կարգի ֆուտբոլ ցույց տանք: Այնտեղ 0:0 հաշիվ չի լինի: Մենք պետք է գոնե մեկ գոլ խփենք, իսկ երկուսը կլինի հրաշալի: Պիտի պատրաստ լինել պատասխանելու «Բորուսիայի» հաղթաթղթերին` արագություն ու ճնշում»:

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԽՄԲԱԳՐԵԼ ՉՀԱՋՈՂՎԵՑ
Վիճակագրությունը հավաստում է, որ կատալոնյան ակումբը երկու հանդիպումների արդյունքում պարտվել է միայն այն ժամանակ, երբ, ուշադրություն դարձրեք, հաղթել է առաջինում՝ մրցակցի հարկի տակ: Սակայն այդպես է եղել քսաներորդ դարում, իսկ որքան գիտեք, արդեն տասնհինգ տարի է, ինչ քսանմեկերորդ դարն է: Ասել է թե` «Բարսելոնին» հաղթելու համար «Մանչեստր Սիթին» պիտի խմբագրեր պատմությունը: Առաջ անցնելով ասենք, որ «Մանչեստրին» դա չհաջողվեց, որքան էլ կարևոր էր կատալոնյան ակումբին հաղթելը` աշխարհին ցույց տալու համար, որ «Սիթին» Եվրոպայի լավագույն թիմերից մեկն է:
Ինչ վերաբերում է այս խաղում նվազագույն հաշվով հաղթած «Բարսելոնին» (առաջինում արձանագրվել է 2:1 հաշիվը), կատալոնյան սակավագոլությունը թերևս լավ էլ հանգիստ խղճով կարելի էր վերագրել մարտի 22-ին սպասվելիք «էլ կլասիկոյից» առաջ ուժեր խնայելուն, սակայն այս դեպքում ճշմարտության դեմ մեղանչած կլինենք, որովհետև «Բարսելոնը» լավ էլ գրոհում էր, սակայն այդքան չիրացված պահ մեր հիշողության մեջ ինչ-որ չի մտապահվել: Կարելի է կարծել, թե անգլիացիները թուղթ ու գիր էին արել կատալոնցիներին: Չգիտեմ, դուք` ոնց, բայց ես, որ սնոտիապաշտ չեմ, այդ խաղից հետո հակված եմ որոշակի երկյուղածությամբ դատելու չար ուժերի գոյության մասին, ու որպեսզի դրանք շատ վեր-վեր չթռչեն, եկեք ասենք` «չար աչքը` չար փշին» ու սրանով էլ «Բարսելոն»-«Մանչեստր Սիթի» դիմակայության թեման պատմության գզրոցներին հանձնենք:

ՈՎ ՈՒՄ ԲԱԺԻՆ ԿՀԱՍՆԻ
Այս հարցը, բնականաբար, բոլորիս է հուզում, սակայն հանգամանքներն այնպես են դասավորվել, որ դրան երկար սպասելու հարկ չկա, քանի որ շվեյցարական Նիոնում այսօր կայանալիք վիճակահանությունը չի թողնի շատ տառապել: Մի բան է ակնհայտ, որ առաջատար եռյակը կազմած և ոչ մեկի հետ ոչ մեկը չէր ուզենա այս փուլում զույգ կազմել: Ի դեպ, միմյանց հետ հանդիպելու կտրվածքով, նույն առողջ շահագրգռությունն է նաև այդ եռյակի ներսում, թեպետ, եթե թույլ տայիք, «Բարսելոնի» առնչությամբ, այնուամենայնիվ, ես վերապահում կանեի:
Կատալոնյան ակումբի համար շատ ավելի գերադասելի է ուժեղագույնին երկու խաղի արդյունքում որոշելը, որովհետև կոնկրետ մի խաղում ամեն մեկն էլ կարող է «կրակել»: Որքան էլ վիճակահանությունն արդար է ու անկողմնակալ (թույլ տվեք այդպես մտածել), թերևս այն այս փուլում «չնախընտրի» «Բարսելոն»-«Ռեալ» առճակատումը` դիմացը, չմոռանանք, մարտի 22 կա, իսկ մարզասերին գերլարված վիճակում պահելն այնքան էլ մարդկային չէ:
Հանգամանքների նման դասավորության դեպքում, բնականաբար, ազատ կշնչի «Ռեալը», կտագնապի «Բավարիան», ում մարզիչը հենց այնպես չէր հայտնվել «Բարսելոն»-«Մանչեստր Սիթի» խաղին, մանավանդ որ կատալոնցիներից հեռանալուց հետո Գվարդիոլան, ասում են, «Նոու կամպում» չի եղել: «Բարսելոն»-«Բավարիա» զույգը հարկավ կլինի մեկ քառորդի զարդը, սակայն եթե այն «չի պահվում» եզրափակչի համար, գոնե նախընտրելի է կիսաեզրափակչի տարբերակը: Իսկ եթե այնպես լինի, որ այս երկու գրանդները ճակատագրի կամոք հանդիպեն հենց այս փուլում, միևնույն է, «Ռեալի» սիրտը չի դադարի թրթռալուց, քանզի հրապարակում Մադրիդի «Աթլետիկոն» կա, ու որպեսզի կիսաեզրափակչում կամ եզրափակչում չլինի իսպանական ակումբների գերակայություն, թերևս արժի նրանցից մեկին բագին առաջնորդել: Ի միջի այլոց, դա հնարավոր է նաև «Բարսելոն»-«Աթլետիկո» տարբերակով:
Սակայն, կարծես ակամայից, լրջորեն և թերևս անհիմն կասկածի տակ առանք նիոնյան վիճակահանության անկողմնակալությունը, իսկ սա սարսափելի մեղքերի շարքից է, էն էլ էս ազիզ օրով, երբ նյութը գրելու պահին 56-իցս սահուն անցում եմ կատարում 57, ու թող Աստված շատ չհամարի այս արևի տակ համեստ գոյությունս: Հետևաբար, որպեսզի ավելի շատ մեղքերի մեջ չմեղադրվենք, դադարեցնենք տարբերակների հնարավոր քննարկումը, մանավանդ որ սպասելու բան էլ չի մնացել։ Վերջակետ դնելուց առաջ, սակայն, թույլ տվեք ասել, որ այս փուլում ութնյակը կազմած ակումբներից յուրաքանչյուրն էլ կուզենար մրցակից ունենալ կա՛մ «Մոնակոյին», կա՛մ «Պորտուին»: Ի դեպ, նրանք էլ դեմ չէին լինի իրար հանդիպելուն:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1026

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ